ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Փաստաբանները հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ՝ խնդրահարույց օրենքի նախագիծը քննարկելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն արդյունավետ չի եղել, փաստաբանները վստահ են՝ օրենքը երկրորդ ընթերցմամբ կընդունվի ու իրավիճակից կտուժեն ՀՀ քաղաքացիները:
«Փաստաբանական համայնքում կրկին կրքեր են թեժանալու, տեսնենք, թե որն էլ լինելու նրանց հաջորդ քայլը»,- գրում է թերթը։
Հիշեցնենք՝ մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամները գործադուլ են անում և պահանջում, որ ԱԺ-ն օրենքի նախագծից հանի փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները։ Դրանց պատճառով շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար նաև գները։
Այդ օրը նրանք հրաժարվեցին պաշտպանություն իրականացնել ՀՀ պետական մարմիններում` դատարաններում, նախաքննական մարմիններում։ Փոփոխությունների համաձայն, որոնք այժմ քննարկում է ԱԺ–ն, 2024 թվականի հոկտեմբերից փաստաբանները 5%–ի փոխարեն կվճարեն 10% շրջանառության հարկ, իսկ 2025 թվականից կանցնեն ԱԱՀ–ի (20 %)։
Անվճար իրավաբանական ծառայության մատուցումն էլ կարող է դառնալ անհնար, քանի որ փաստաբանները ստիպված են լինելու հարկ վճարել։