ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Բաղանիս-Կիրանց հատված, որտեղ արդեն տեղակայված են սահմանապահ զորքերը։ Նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում համապատասխան այցից տեսանյութ է հրապարակված։
«Տավուշի մարզում ծանոթացա Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին»,- նշված է տեսանյութի նկարագրության մեջ:
Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնեցին ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։