Կալանավորվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ավտոերթի մասնակիցներից մեկը

Տղամարդը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և իր մոտ ունեցել շրջանառությունն արգելված հոգեմետ դեղահաբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ավտոերթի 43-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, հոգեմետ նյութեր ապօրինի պահելու մեղադրանքով։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 5-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում Կ․Պ․-ն, որը Շիրակի մարզի բնակիչ է, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Արծվանիստ բնակավայրի հատվածում վարել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ առանց սահմանված կարգով տեխնիկական զննություն անցնելու։ Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, հայտնել իրավախախտման մասին և պահանջել մեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը հրաժարվել է կատարել պարեկների օրինական պահանջը, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ։ Իսկ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ճանապարհին նա հեռախոսով Ֆեյսբուքյան ուղիղ եթեր է սկսել, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ, հրաժարվել վարել մեքենան ու կանգնեցրել է այն։ Պարեկների միջամտության արդյունքում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ Կ.Պ.-ն՝ ոստիկանության բաժին։
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած Սամվել Վարդանյանի տնային կալանքը երեք ամսով երկարացվեց
ՔԿ-ն հայտնում է, որ անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի 3 դեղահաբ։
43–ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով և ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Բագրատ սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ավտոերթ էր կազմակերպել դեպի Գեղարքունիքի մարզ։