ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հանրապետության տարբեր հատվածներում տեղատարափ անձրևներ են սկսվել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպիսի տեղատարափ անձրև է հիմա Սևանավանքում։
Սուրենյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզում նաև խոշոր չափերի կարկուտ է տեղացել։
Ավելի վաղ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նախազգուշացնելով, որ սպասվում են ինտենսիվ անձրևներ։
Շշետվում էր, որ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, որոնք զգալի կլինեն հատկապես Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում:
Ավելի ուշ նաև ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ հորդորելով բնակիչներին զգոնություն ցուցաբերել ափամերձ հատվածներում։