Գազաբենզալցակայանի պայթյունից տուժածների առողջական վիճակում փոփոխություն չկա․ ԱՆ

Տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացված բոլոր 6 տուժածները տղամարդիկ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Պացիենտներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս 4-ինը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- նշեց խոսնակը։
Հավելենք, որ տարբեր աստիճանի այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» տեղափոխված 6 տուժածներ էլ տղամարդիկ են։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող բնակելի տուն ու մի քանի ավտոմեքենա։
Գազաբենզալցակայանի պայթյունի դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 5 հոդվածի հատկանիշներով։
Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունն ու դրա հետևանքները. լուսանկարներ