Ռուսաստանը միջուկային զենք չի թափահարում. Պուտին

Վլադիմիր Պուտին
Պուտինը չի բացառել Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունները, բայց կոչ է արել ավելորդ անգամ չհիշատակել միջուկային հարվածների հնարավորության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը միջուկային զենք չի թափահարում և երբեք առաջինը չի սկսել միջուկային էսկալացիայի հռետորաբանությունը:
Նախագահը հիշեցրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի խոսքերը, որը պաշտոնը ստանձնելիս ասել է, թե ինքն ունակ է սեղմել միջուկային կոճակը. «Մենք երբեք նման բան չենք ասել։ Դրանից ամեն ինչ սկսվեց: Մենք ուղղակի պատասխանեցինք` այո՛, պետք է դրան ավելի լուրջ վերաբերվել»։
Պուտինը նշել է, որ ՌԴ-ն ունի միջուկային դոկտրին, որը նախատեսում է միջուկային զենքի կիրառում միայն բացառիկ դեպքերում:
«Չեմ կարծում, որ նման դեպք տեղի է ունեցել», – ասել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
Միաժամանակ նա չի բացառել, որ այդ դոկտրինում կարող են փոփոխություններ լինել։
«ՌԴ միջուկային դոկտրինը կենդանի գործիք է, դրանում կարող են փոփոխություններ կատարվել»,– ասել է Պուտինը:
ՌԴ-ն մտադիր չէ միջուկային զենք տեղակայել այլ երկրներում. ՌԴ ԱԳՆ
Սակայն ՌԴ ղեկավարը կոչ է արել ավելորդ անգամ չհիշատակել միջուկային հարվածների հնարավորությունը։ Նա ավելացրել է, որ ՌԴ մարտավարական միջուկային զենքը երեք-չորս անգամ ավելի հզոր է, քան ամերիկացիների կողմից Հիրոսիմայի և Նագասակիի դեմ օգտագործված ռումբերը:
Պուտինը նաև նշել է, որ ռազմական հատուկ գործողության խնդիրների լուծումը հնարավոր է արագացնել, բայց դա կլինի կորուստների աճի գնով, իսկ ՌԴ զինվորականների կյանքն ավելի կարևոր է:
«Երբ տեսնում ենք, թե ինչ է ռուսական բնավորությունը, մեզ ոչ մի միջուկային զենք պետք չէ վերջնական հաղթանակի համար», – ասել է Ռուսաստանի նախագահը:
Մինչ այդ Պուտինը կոչ էր արել Ռուսաստանին չհասցնել միջուկային զենքի կիրառման։ Նա նշել էչ, որ Ռուսաստանը կկիրառի իր ունեցած բոլոր միջոցները, եթե սպառնան երկրի անվտանգությանը:
Տիեզերքում ռուսական միջուկային զենք չկա. Շոյգու