ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ, դրանք գտնվում են Արևմուտքի կողմից սարսափելի, ծանր ճնշման տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ արևմտյան երկրները «փորձում են տարբեր թույլ կողմեր գտնել աշխարհի հետ իրենց փոխգործակցության մեջ»: «Այդ նպատակով էլ տրորում են այդ ցավոտ կետը։ Տեսնենք, միևնույն է՝ լավագույնի հույս ունենք»,-ասել է Պանկինը ՏԱՍՍ-ին։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 5-8-ը, այս տարի դրա թեման է «Բազմաբևեռ աշխարհի հիմքը․ աճի նոր կետերի ձևավորում»: Նախատեսված են փոքր և միջին ձեռնարկատիրության, ստեղծարար բիզնեսի ներկայացուցիչների հանդիպումներ, ՊՄՏՀ երիտասարդական օր, ինչպես նաև «Դեղորայքային անվտանգություն», «ՊՄՏՀ Ակադեմիա» և «ՊՄՏՀ Յունիոր» համաժողովներ: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։
Հավելենք, որ Մարտի 30-ից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրել է Հայաստանի ArCa միասնական վճարային համակարգը: Որոշումը հայկական առևտրային բանկերն ընդունել են երկրորդային պատժամիջոցների ռիսկի պատճառով, քանի որ «Միր» վճարային քարտերի ազգային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների տակ էր հայտնվել փետրվարին: «Միր» քարտերն անջատել են նաև Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը։