ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Իրանը հեռանկարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության ավելի սերտ ձև է դիտարկում, քան դիտորդի կարգավիճակը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Իրանը հեռանկարում միության հետ հարաբերությունների էլ ավելի սերտ տարբերակ է դիտարկում։ Ընդհանրապես իրեն տեսնում է, ինչպես հասկանում եմ, միության մեջ, և այդ դիտորդի կարգավիճակն առաջին քայլն է», - ասել է նա։
Սլեպնյովն ընդգծել է, որ զգալի աշխատանք կա անելու, քանի որ Իրանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, և երկիրն այլ կարգավորումներով է առաջնորդվում։
«Այդ համագործակցության զարգացման համար հսկայական աշխատանք կպահանջվի, որպեսզի մենք ինչ-որ կերպ համատեղենք այդ բոլոր մեխանիզմները, և դրանք աշխատեն այնպես անթերի, ինչպես աշխատում են մեզ մոտ՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում», - ավելացրել է նախարարը:
ԵՏՀ-ն մայիսի 27-ին Իրանից դիմում է ստացել ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ցանկության մասին:
ԵԱՏՄ–ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Կուբան և Ուզբեկստանը։