Օրենք չի խախտվել․ նախարարը՝ Թոքաբանության կենտրոնի տնօրենին պաշտոնում չվերականգնելու մասին

Անահիտ Ավանեսյանը վստահ է՝ ինքը լավ նախարար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մանուկյանին այդ պաշտոնում վերականգնելու անհնարինություն կա, քանի որ կառույցի կազմակերպաիրավական ձևը փոխվել է։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Այդպես էր նպատակահարմար. նախարարը` բժիշկ Դանիելյանին աշխատանքից ազատելու մասին
Նշենք, որ Արտակ Մանուկյանը Թոքաբանության ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հունիսի 2-ին, եղել է պաշտոնակատար, ապա գործադիր մարմնի համար անցկացվող մրցույթին է մասնակցել ու հաղթել։ 2023 թվականի հունվարի 11-ից սկսած Ավանեսյանը բազմաթիվ գրություններ է ուղարկել Մանուկյանին ու պահանջել, որ այս կամ այն հարցի վերաբերյալ գրավոր բացատրություններ տրվեն։ Որոշ ժամանակ անց՝ 2023 թվականի ապրիլի 20-ին, Ավանեսյանի հրամանով Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վերջինս այս որոշումից հետո դիմել է դատարան և հաղթել։ Դատարանն Ավանեսյանին պարտավորեցրել է վերականգնվել Արտակ Մանուկյանին «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ից բռնագանձել Մանուկյանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցման գումարը։ Մանուկյանին մինչ օրս չեն վերականգնել կենտրոնի տնօրենի պաշտոնում, սակայն գումարը վճարվել է։
««Թոքաբանության ազգային կենտրոնի» կազմակերպաիրավական ձևը փոխվել է, ու հիմա այն հանդես է գալիս որպես այլ իրավաբանական անձ։ Այս պարագայում պաշտոնին վերականգնման անհնարինություն կա։ Այլ հարցեր, եթե ունեք, ապա դիմեք, գրավոր կպատասխանենք։ Օրենքը չի խախտվել»,- նշեց Ավանեսյանը։
Հարցին՝ արդյոք հատուկ է կազմակերպաիրավական ձևը փոխվել, որպեսզի Մանուկյանին չվերականգնեն պաշտոնում՝ նախարարը վստահեցրեց՝ իրենք հատուկ ոչինչ չեն անում։ Ընդգծեց՝ բոլոր բուժհաստատությունները փորձում են բերել նույն կազմակերպաիրավական ձևաչափի և Թոքաբանության ազգային կենտրոնն էլ ոչնչով չի տարբերվում, օրինակ՝ «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որը ՓԲԸ է։
Բժիշկ Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար. Թամամյան
Մեկ այլ հարցի, որ դատարանն այնուամենայնիվ պարտավորեցրել է Մանուկյանին վերականգնել պաշտոնում, հետևաբար ինչ պետք է արվի նման իրավիճակում, նախարարը շեշտեց՝ բոլոր պրոցեսներն օրենքի շրջանակներում են իրականացվում, որևէ հակասություն չկա։ Լրագրողները հիշեցրին, որ ինքն իրավաբան է ու արդյոք օրենքի խախտում չի տեսնում ստեղծված իրավիճակում, ինչին ի պատասխան Ավանեսյանը նշեց, որ ինքն իրավաբան է, սակայն 6 տարվա ընթացքում էլ իրականացնում է առողջապահության կազմակերպում։ Հարցին՝ ինքը լավ իրավաբա՞ն է, թե՞ լավ կազմակերպիչ, հստակ արձանագրեց․ «Ես լավ նախարար եմ»։