Ներդրումներ են պետք. Կապանի մարզադաշտի տարածքը հանրային գերակա շահ ճանաչվեց

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում սեփականատերերից ոչ մեկին չէին կարող խնդրել, հորդորել, որ ներդրումներ տեղի ունենային` հաշվի առնելով տարածքի սեփականատերերի միջև առկա հակասությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Այսօր ՀՀ կառավարությւան նիստում Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ հայտարարվեց, որպեսզի հետագայում հնարավոր լինի այդտեղ որոշակի աշխատանքներ իրականացնել և Կապանում ունենալ ժամանակակից մարզային համալիր։
«Կապանի մարզահամալիրը բավականին լավ համալիր է, բայց այս խառը պատկանելությունը հնարավորություն չի տալիս համալիրը զարգացնել այնպես, որ իր նպատակին ծառայի։ Պետք է անենք այնպես, որ ոչ միայն ֆուտբոլի մարզադատ ունենանք, այլ նաև այլ մարզական ենթակառուցվածքներ»,– կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ այս պատմությունը դեռ 2018 թվականից է սկսվել, և ինքը կապանցիներին խոսք է տվել, որ ֆուտբոլը կվերադառնա Կապան։
«Խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, սեփականատերերի, նրանց միջև եղած հակասությունների պատճառով երկար տարիներ ֆուտբոլային խաղերն ընդհատվել էին»,–ասաց Փաշինյանը։
Պաշտոնեական դիրքի չարաշահում և հափշտակություն Կապանի մարզադպրոցում. տեսանյութ
Նրա խոսքով` տարբեր աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ խուտբոլային խաղերն այնտեղ վերականգնել, որի արդյունքոևւմ Կապանում ֆուտբոլային երկու թիմ ձևավորվեց` «Գանձասարը» և «Սյունիքը»։ Նա ընդգծեց, որ «Գանձասար» ֆուտբոլային ակումբը առաջին խմբի առաջնությունում գրավել է առաջին տեղը և հիմա պետք է հանդես գա բարձրագույն խմբի առաջնությունում։
«Այս հաջողությունը մեզ կանգնեցրեց նոր մարտահրավերի առաջ, քանի որ «Կապանի» մարզադաշտը չի համապատասխանում բարձրագույն խմբի ֆուտբոլային խաղերի անցկացման չափանիշներին»,–ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում սեփականատերերից ոչ մեկին չէին կարող խնդրել, հորդորել, որ ներդրումներ տեղի ունենային` հաշվի առնելով տարածքի սեփականատերերի միջև առկա հակասությունները։ Եկելե են այն եզրակացության, որ այդ հատվածները պետք է դառնան հանրային գերակա շահ, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ անել և ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղեր անցկացնել այնտեղ։
Նիստում ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին հավելեց, որ մարզադաշտի տարածքը գերակա շահ ճանաչվելուց հետո պետությունը պետք է մշակի մարզադաշտի կառավարման գործողությունների ծրագիր։ Նրա խոսքով` մարզահամալիրը կարող է դառնալ 2029 թվականին ՖԻՖԱ-ի պատանեկան աշխարհի առաջնությունն ընդունելու` Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտի փաստարկներից մեկը։
Նշենք, որ հայտի ներկայացման համաձայնության մասին հայտարարվել է երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից օրերս կայացած մամուլի ասուլիսում։ Բացի Կապանից, կառավարությունը պատրաստվում է վերանորոգել Վանաձորի մարզադաշտը և նոր մարզադաշտ կառուցել Իջևանում, ինչպես նաև մինչև 2029 թվականը ազգային մարզադաշտ կառուցել ապագա Ակադեմիական քաղաքում։
Ֆուտբոլային խոշոր մրցաշար Կապանում. խաղադաշտ դուրս կգան տարբեր երկրների լրագրողները