ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երևան-Սևան ճանապարհին քիչ առաջ ուժգին պայթյուն է որոտացել։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ 911 ծառայությունն ահազանգեր է ստացել, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
«Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Սոցցանցում հրապարակված տեսանյութում երևում է պայթյունի պահը։
ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, որ պայթյունի մասին ահազանգը ստացել են ժամը 23:14-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ։