ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանից կարող է պահանջել, որ սահմանին լինեն միայն ՀՀ սահմանապահները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով ՀՀ որոշ հատվածներից ՌԴ սահմանապահների դուրսբերմանը։
Նշենք, որ ՀՀ–ում սկսվել է ռուսական սահմանապահ զորքերի դուրսբերման գործընթացը սահմանների որոշ հատվածներից։ Հայտնի է, որ գործընթացը պետք է ավարտին հասցվի օգոստոսին։
Մաթևոսյանի համոզմամբ` հայկական և ադրբեջանական կողմերի միջև կա պայմանավորվածություն, որ սահմանին չպետք է լինեն երրորդ երկրների սահմանապահներ։
«Ես չեմ զարմանա, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը երբ վերջնական տեսքի գա, Ադրբեջանը պահանջի, որ հայ–ադրբեջանական սահմանին չպետք է կրկնվի այն կոնֆիգուրացիան, որը կա հայ–թուրքական սահմանին։ Այսինքն` առաջնագծում այժմ կանգնած են ռուսական սահմանապահները, երկրորդ գծում կանգնած են հայաստանյան բանակայինները։ Իմ տպավորությամբ` հիմնական գործընթացներն այս գաղափարի շուրջ են տեղի ունենում, և, փաստորեն, հայաստանյան կողմը, շատ լավ հասկանալով դրա հետևանքները, Ադրբեջանի նաև այս պահանջներն է կյանքի կոչում»,–ասաց նա։
Այդպիսի պայմանավորվածության պայմաններում, քաղաքագետի խոսքով, տրամաբանական է, որ ՀԱՊԿ-ի զորքերը ևս այստեղ չեն կարող լինել ո՛չ որպես խաղաղապահներ, ո՛չ որպես լիարժեք բանակային կորպուսի ներկայացուցիչներ։ Եվ դա լիովին տեղավորվում է այն քաղաքականության մեջ, որն իրականացնում են ՀՀ իշխանությունները` աշխարհաքաղաքական վեկտորի լիակատար փոխակերպում։
«Հարց չի՞ առաջացել` ինչո՞ւ են հենց Տավուշից սկսել սահմանազատում իրականացնել։ Բացի նրանից, որ այնտեղ մենք ունեինք ամենակահավորված առաջնագիծը, դա այն տեղն էր, որտեղ կային ռուս սահմանապահներ»,–նշեց նա։
Այնուամենայնիվ, այս իրավիճակում ինքը` քաղաքագետն էլ սահմանազատումն ու սահմանագծումը անհրաժեշտ է համարում ՀՀ–ի համար։
«Անկախ նրանից` ում մոտ ինչ վերաբերմունք կա իշխանությունների նկատմամբ, գետնի վրա իրողությունները փոխվել են, և դրանք գետնի վրա պետք է ամրագրվեն։ Բայց երբ խոսում ենք Տավուշում սահմանազատման մասին` 1976 թվականի քարտեզների հիման վրա, իսկ դուք գիտե՞ք` Սյունիքում որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվելու։ Եթե այլ քարտեզով լինի, մենք պատմության մեջ առաջին պետությունը կլինենք, որ կգնա այդպիսի զիջման»,–նշեց փորձագետը։
Հիշեցնենք, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին հայտնի դարձավ մայիսի 9-ին:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ ՌԴ սահմանապահները սկսել են փակել Սյունիքի իրենց հենակետերը։