ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվում է UWW միջազգային վարկանիշային մրցաշարը, որին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում են օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակած ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ինչպես նաև Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը։
Հետաքրքիր է, որ Արսեն Հարությունյանը օլիմպիական խաղերում հանդես է գալու 57կգ քաշային կարգում, իսկ այս մրցաշարին մասնակցում է 61կգ քաշային կարգում։ Իր հերթին 65կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիր վաստակած Վազգեն Թևանյանն էլ հանդես է գալիս 70 կգ քաշային կարգում, որտեղ նրա հիմնական մրցակիցներից մեկը Արման Անդրեասյանն է։
Նշենք, որ Արսեն Հարությունյանը, երկու հաղթանակ տոնելով նախնական գոտեմարտերում, հանդես է գալու եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցն է լինելու ղրղըզ Թաիրբեկ Ժումաշբեկը։
Իսկ 70կգ քաշային կարգի եզրափակիչում հայ-վրացական դիմակայություն էր ձևավորվել։ Վազգեն Թևանյանը 2։1 հաշվով հաղթեց Էդեմի Բալկվաձեին, իսկ Արման Անդրեասյանն էլ առավելության հասավ Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։
Եզրափակիչում մեր երկու ըմբիշները մրցելու են իրար դեմ։
Մրցաշարն ավարտվելու է վաղը, և վերջինն էր ուժերի ստուգման առումով Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերից առաջ։