ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը կայացել է երրորդ նախագահի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատանը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը:
Երեկ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շարժման ընթացքում Բագրատ սրբազանը հանդիպել է ՀՀ նախագահներից միայն Սերժ Սարգսյանին, իսկ շարժումից մոտ 15 օր առաջ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին։
«Բագրատ սրբազանը Սերժ Սարգսյանի հետ խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել է, որ ի սկզբանե կողմ էր գործընթացները խորհրդարան տեղափոխելուն՝ անվստահություն հայտնելով վարչապետին, սակայն առայժմ հակառակ ուղղությամբ են շարժվելու՝ փողոցի ճնշումը մեծացնելով` մտնել խորհրդարան»,ճ գրում է «Հրապարակը»։
Ըստ պարբերականի` Սերժ Սարգսյանն էլ սրբազանին տեղեկացրել է, որ մինչև շարժման՝ Երևան տեղափոխվելն են ՀՀԿ-ականներն աջակցություն հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնությանը, խմբերով պարբերաբար այցելել են Կիրանց, և վստահեցրել է, որ մինչև վերջ աջակցելու են շարժմանը։ Հատուկ շեշտել է, որ այս պայքարը ՀՀԿ-ի և իր համար իսկապես «չակնկալիքների պայքար» է. իրենց գերնպատակը Նիկոլից ազատվելն է, իսկ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։
Հիշեցնենք` Բագրատ սրբազանը լրագրողներին հայտնել էր նաև, որ չնայած տարբեր շահարկումներին` ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել։
Հարցին, թե երբևէ հանդիպել է ՀՀ ներկայիս նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ, Բագրատ սրբազանը պատասխանել էր, որ նրան տեսել է 2018 թվականի շարժման օրերին։