ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Մոսկվան վերահաստատում է Երևանի և Բաքվի հաշտեցմանը աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Ղազախստանում կայացած հանդիպումը։
«Այդ հանդիպումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ճանապարհին։ Եվս մեկ կարևոր քայլ արվեց այդ ուղղությամբ», - ասել է Գալուզինը։
Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Մոսկվայում երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, բանակցություններ են կայացել Բաքվի և Երևանի միջև։
«Պատրաստ ենք այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով», - ասել է նա:
Դիվանագետը բարձր է գնահատել Աստանայի դերը, որ հարթակ է տրամադրել հայ-ադրբեջանական շփումների համար:
«Կարևոր է, որ նման հանդիպումներն ընթանում են 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների գծով շփումների զարգացում», - նշել է Գալուզինը:
Հիշեցնենք` մայիսի 10-11-ն Ալմաթիում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Նախարարները բանակցությունների արդյունքում ողջունել են սահմանազատման հարցում գրանցված առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ տարաձայնություններ կան։
Նշենք, որ հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն էր։