ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՀՀ իշխանությունները շարունակում են ռուս գործընկերների հետ աշխատել կաթնամթերքի արտահանման սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ` ամփոփելով գյուղատնտեսական ծրագրերի արդյունքները։
Պապոյանը հիշեցրել է, որ վերջին ամիսներին Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը հանվել է 4 արտադրողի, իսկ հետո` ևս 5 արտադրողի համար: Ներկայումս բանակցություններ են ընթանում բոլոր արտադրողների համար արգելքը հանելու վերաբերյալ։
Նա նշել է, որ ստանդարտների պահպանումը զգալիորեն ազդում է շուկայի վրա։ Սովորական ֆերմերային տնտեսությունները կաթը վաճառում են մեկ լիտրը 150-170 դրամով, մինչդեռ սանիտարական նոր տեխնոլոգիաներ ներդրող տնտեսությունները կարող են այն վաճառել մեկ լիտրի համար 350-400 դրամով, քանի որ գործարանները գումար չեն ծախսում դրա ստերիլիզացման համար:
Խոսելով կաթի փոշու օգտագործման մասին` նախարարը նշել է, որ դրա ներմուծումը վերջին երկու տարում նվազել է։ Այս միտումը շարունակվել է նաև 2024 թվականի առաջին ամիսներին։
Այսպիսով, նախարարի խոսքով, տեղական հումքը մրցակցում է ներկրվածի հետ, չնայած Ռուսաստանում և Բելառուսում կաթի փոշու գների նվազմանը։
«ԵԱՏՄ-ից հացահատիկի արտահանման սահմանափակման պատճառով այս երկրներում դրանով սկսել են ավելի շատ կերակրել անասուններին, ինչը հանգեցրել է կաթնատվության ավելացմանը: Համապատասխանաբար, շուկայում ավելացել է կաթի և կաթի փոշու քանակը։ Սակայն, չնայած դրան, մեր արտադրողները չեն ավելացնում դրա ներմուծումը»,-հայտարարել է Պապոյանը։
Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է պանրի արտահանման հիմնական շուկան մնալ Հայաստանի համար։ 2023 թվականի առաջին կիսամյակում (վերջին հասանելի տվյալները) դեպի ՌԴ արտահանումը կազմել է մոտ 3,1 մլն դոլար (2022 թվականի առաջին կիսամյակում` 4,2 մլն դոլար)։
Նախորդ տարի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները տեսչական այց էին կատարել Հայաստան: 2022 թվականին Հայաստանը մեծացրել էր կարագի արտահանումը ՌԴ, և ռուսական կողմի մոտ կասկածներ էին առաջացել, որ հայկական արտադրողները օգտագործում են երրորդ երկրներից, ընդ որում` ԵԱՏՄ թույլատրված մատակարարների ռեեստրում չընդգրկված ընկերություններից ներմուծված հումք (մասնավորապես` սերուցք)։