Բաքուն ստացել է Երևանի առաջարկները, բայց Բայրամովը համաձայն չէ Միրզոյանի հետ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով` բաց մնացած հարցերի թիվը նվազել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ նոր մեկնաբանությունները, բայց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը համաձայն չէ հայ գործընկերոջ դիրքորոշման հետ:
«Մի քանի օր առաջ մենք Հայաստանից հերթական առաջարկներն ենք ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Ուզում եմ նշել, որ բաց հարցերը պակասել են։ Դրական առաջընթաց է նկատվում»,- ասել է Բայրամովը Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կայուն խաղաղության հասնելու համար:
Միաժամանակ Բայրամովն անընդունելի է համարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը:
«Այն, որ հայ հասարակության մեջ նման քննարկումներ են ընթանում, ինքնին դրական է։ Սակայն Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելն անընդունելի է, քանի որ Ադրբեջանը որևէ երկրի նկատմամբ որևէ տարածքային հավակնություն չունի», - ավելացրել է նա։
Երեկ Միրզոյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն միմյանց սահմանադրություններում էական խոչընդոտներ են տեսնում։