Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է

Լոռու մարզում նաև թեթև մարդատար մեքենաների համար են ժամանակավոր կամուրջ կառուցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղում, որն ամենաշատն է տուժել հեղեղումից, արդեն կետային ջրահեռացման և էլեկտրամատակարարման վերականգման աշխատանքներ կիրականացվեն։ Ախթալայում էլ ժամանակավոր կամուրջ է կառուցվել մարդատար մեքենաների համար, հետիոտնի համար էլ կախովի կամուրջ կտեղադրվի։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ