Շվեյցարիան մարդասիրական օգնության համար մասնագետներ է գործուղել Լոռի ու Տավուշ

Ալավերդին աղետից հետո
Շվեյցարիան մասնագետներին Հայաստան է ուղարկել ՀՀ իշխանությունների խնդրանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Շվեյցարիան պատրաստվում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտի Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ գործուղել, որոնք կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում են իրականացնելու: Այս մասին հայտնում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը։
Մարդասիրական օգնություն տրամադրելու համար մասնագետներն աղետի գոտի են գործուղվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։ Նաև ավերածություններ են եղել` ճանապարհներ և կամուրջներ են փլուզվել, վնասվել են գազատարներ և ջրամատակարարման համակարգեր։
«Հաշվի առնելով աղետի ծավալները, Հայաստանի իշխանությունները օգնություն ստանալու նպատակով դիմել են Եվրամիության քաղաքացիական պաշտպանության (EUCPM) համապատասխան մեխանիզմներին՝ խնդրելով մասնավորապես գործուղել քաղաքացիական շինարարության ոլորտի ճարտարագետներ: Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) ՀՀ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի (SHA) թվով 8 մասնագետ, այդ թվում՝ ճարտարագետներ և տեխնիկական մասնագետներ: Տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան 500 000 շվեյցարական ֆրանկ է (շուրջ 560 000 ԱՄՆ դոլար) հատկացրել»,– ասված է հաղորդագրությունում:
Նրանք Շվեյցարիայից Հայաստան են մեկնել հունիսի 3-ի երեկոյան։
Հավելենք, որ աղետից հետո որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։