ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն։
«Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում քանդված կառույցների պայթեցման և ապամոնտաժման միջոցով, տարածքների մաքրման և շինարարական տեխնիկայի համար մուտքի ճանապարհներ կառուցելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ: Ավերված հատվածներից մեկի վրա կառուցվում է սանդղավանդ։
Նշվում է, որ Ախթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարանների և մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաև կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում և լվացում կեղտից: Ավարտվել է կայանի արտաքին սարքավորումների կեղտից մաքրումը և վնասված ավտոմատացման սարքերի ապամոնտաժումը։
«Միևնույն ժամանակ, մատակարարվում են նյութեր և սարքավորումներ արտերկրից, պայմանագրեր են կնքվել, քարի մատակարարումներ են իրականացվում տարբեր քարհանքերից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այրում կայարանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ և ներմուծվում են նյութեր և սարքավորումներ՝ նավթամթերքների ընդունմանը նախապատրաստվելու նպատակով։ Նախատեսվում է, որ Այրում կայարանի բազայի հիման վրա կկազմակերպվի Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։
Ընդհանուր առմամբ, վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից ավելի քան 30 աշխատակիցներ են գործուղվել աղետի գոտի։ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունից սպասվում են ևս մի քանի մասնագետներ։
Միևնույն ժամանակ ընկերության մանևրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա և մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրեր:
Հիշեցնենք` ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։