Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բևեռախույզ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Լինելով ականավոր գիտնական, օվկիանոսագիտության, Հյուսիսային և Հարավային բևեռների մասին հիմնարար հետազոտությունների հեղինակ, իր երկարամյա և բուռն գործունեության համար Արթուր Չիլինգարովը արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին և մերձավորներին»,-նշված է հեռագրի մեջ։
Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում, մայրը ռուս էր, հայրը՝ հայ։ Նա ԽՍՀՄ և Ռուսաստանի հերոս է, ակադեմիկոս, մի քանի համալսարանների պատվավոր պրոֆեսոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր։ Բացի ռուսական և միջազգային բազմաթիվ պարգևներից ու կոչումներից, 2000 թվականին Հայաստանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2008 թվականին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։