ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պնդում է, որ պատրաստակամ է ընդունել տարբեր քաղաքական գործընթացների մասնակիցներին։ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ ՄԻՊ-ը հանդես է գալիս բացառապես արագ արձագանքման այցեր իրականացնելու առնչությամբ հրապարակային հաղորդագրություններով։
Մանասյանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ընդունելու իրենց իրավունքների պաշտպանության հարցեր բարձրացնող քաղաքացիներին։
«Պաշտպանը մշտապես պատրաստակամ է ընդունելու անձանց, այդ թվում՝ քաղաքական գործընթացների մասնակիցների, և քննարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած հարց, պաշտպանի լիազորությունների շրջանակում ձեռնարկելու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ՝ ՄԻՊ հաստատություններին բնորոշ մեթոդաբանության և սկզբունքների պահպանմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, թե ՄԻՊ-ը բազմիցս հրապարակային հայտարարություններ է արել հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքում իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ։
Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաև մի շարք օրինակներ են ներկայացված, մասնավորապես, որ ՄԻՊ-ն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքին կամ լրագրողների մասնագիտական գործունեությանը առերևույթ խոչընդոտելու դեպքերին և այլն։ Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերին, շեշտվում է, որ Անահիտ Մանասյանն անձամբ է այցելում սահմանամերձ բնակավայրեր, արձանագրում խնդիրները, համապատասխան զեկույցներ պատրաստում։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը շարժման մասնակիցների հետ այսօր գնացել էր ՄԻՊ գրասենյակի շենքի մոտ, հանդիպում պահանջել Անահիտ Մանասյանի հետ` նշելով, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինեն հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի։ Մանասյանը, սակայն, ասել էր, որ կհանդիպի, բայց առանց լրատվամիջոցների, և հանդիպում չէր կայացել։
Ավելի ուշ Մանասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բագրատ սրբազանի հետ չհանդիպելու հրահանգ չի ստացել։ Անդրադառնալով հարցին, թե ինչու այսօր մերժվեց սրբազանի հետ հանդիպումը լրագրողների ներկայությամբ, նա շեշտել էր` քաղաքացիների հետ հանդիպումը հստակ մեթոդաբանություն ունի։