ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի–Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը մեղադրել է ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ լրտեսության մեջ:
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում դիվանագետը հայտարարել է, որ Հայաստանում եվրոպական առաքելությունը չի զբաղվում երկրի սահմանների պաշտպանությամբ: Նահիշեցրել է, որ ժամանակին Երևանը չի ընդունել անվտանգության համալիր միջոցառումների իրականացման ՀԱՊԿ առաջարկը։
«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, հնարավոր կլիներ կասեցնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ գծով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման առաջարկին։ Ցավոք, հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ մոնիտորինգի անվան տակ», – ասել է փոխնախարարը։
Հիշեցնենք` ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022 թվականի հոկտեմբերին։ Դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: