Եվրամիության տարբեր երկրներից հարյուրավոր ֆերմերներ տրակտորներով կրկին դուրս են եկել Բրյուսելի փողոցներ, որ հերթական անգամ իրենց բողոքն արտահայտեն ԵՄ ագրարային քաղաքականության դեմ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Բրյուսելից։
Ակցիան անցկացվում է Եվրախորհրդարանի ընտրություններից երկու օր առաջ։ Այն կազմակերպել են Նիդեռլանդների, Բելգիայի, Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների ֆերմերները։ Հիմնական միջոցառումը տեղի է ունեցել Լաքեն շրջանում, որից հետո տրակտորներով ֆերմերների մի մասը ուղևորվել է Բրյուսելի եվրոպական թաղամաս, որտեղ գտնվում են Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը և ԵՄ Խորհուրդը:
Ոստիկանության տվյալներով՝ ակցիային մասնակցել է ավելի քան 500 տրակտորիստ (իրենց մեքենաներով)։
Հիշեցնենք, որ ֆերմերները քննադատում են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ԵՄ չափանիշները, չափազանց բյուրոկրատիան և այլ երկրներից, հատկապես՝ Ուկրաինայից էժան ապրանքների ներմուծման չափազանց մեծ ծավալները:
Այս անգամ խոշոր արհմիությունները չեն աջակցել բողոքին՝ կասկածելով կազմակերպիչներին ծայրահեղ աջ քաղաքական օրակարգն առաջ մղելու համար:
Եվրամիության խորհուրդը մայիսի 13-ին հաստատել է ԵՄ ընդհանուր ագրարային քաղաքականության բարեփոխման մասին որոշումը, որ պարզեցվեն ընթացակարգերը, նվազեցվի վարչական բեռը և մեղմացվի բնապահպանական նորմերի պահպանումը: