ԵԱՏՄ-ում պետք է համաձայնեցնել մաքսային տարանցման համակարգի մասին պայմանագիրը․ Միշուստին

Միխայիլ Միշուստին
ՌԴ վարչապետը նշել է, որ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում կառուցվել է կարգավորման եզակի վերազգային համակարգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրներին և ՌԴ մյուս տնտեսական գործընկերներին կոչ է արել միանալ ԵԱՏՄ–ի շրջանակում ստեղծված վերազգային կարգավորման մեխանիզմներին։ Նա այդ մասին հայտարարել է այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Միշուստինը նշել է, որ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում կառուցվել է կարգավորման եզակի վերազգային համակարգ, որը սահմանում է միության երկրների տարածք մուտք գործող ապրանքների նկատմամբ պահանջների միասնականությունը։
«Նման մեխանիզմները պետք է զարգացնել և ներգրավել ԱՊՀ–ի մասնակիցներին և այլ երկրների, որոնց հետ մեր տնտեսական կապերը հատկապես ուժեղ են։ Դա մեզ թույլ կտա արդյունավետ կերպով, օգտագործելով արդեն ստուգված գործիքակազմը, նվազեցնել արգելքները արտադրողների համար»,- նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Միշուստինը հավելել է, որ այժմ ԵԱՏՄ երկրների առջև խնդիր է դրված համաձայնեցնել մաքսային տարանցման միասնական համակարգի մասին միջազգային պայմանագիրը, որպեսզի մյուս պետությունները կարողանան միանալ արդեն ձևավորված միութենական համակարգին:
«Դա կհեշտացնի ապրանքների փոխադրումը, հնարավորություն կտա կիրառել ընդհանուր տարանցիկ հայտարարագիր, բեռներին հետևել նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ, ինչպես նաև երաշխավորել մաքսային վճարների մուծումը»,-հայտարարել է Միշուստինը։
Ռուսաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև մարկետփլեյսերի աշխատանքի կարգավորման ոլորտին։
«Գնալով ավելի մեծ պահանջարկ են ձեռք բերում մարկետփլեյսերն ու էլեկտրոնային առևտրի այլ ծառայությունները, ինչը նշանակում է, որ խաղի ընդհանուր և հասկանալի կանոններ են պետք»,- նշել է նա։
Միշուստինն ընդգծել է, որ մաքսային կարգավորման կատարելագործումն առաջնային է, առաջին հերթին՝ բոլոր ընթացակարգերի օպտիմալացման համար, ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար, այդ թվում՝ միասնական պատուհանի և կանաչ միջանցքների մեխանիզմների, հայտարարագրման էլեկտրոնային մեթոդների կիրառման միջոցով:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը վերահսկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումը:
2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:
ՀՀ–ն պատրաստ է ջանք գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար. փոխվարչապետ