Ամերիկյան պարադոքս. կարո՞ղ է արդյոք Դոնալդ Թրամփը սափրել ինքն իրեն

Կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ ամերիկացուն թույլ չեն տալիս խանութից հրացան գնել, բայց հանգիստ թույլ են տալիս սեղմել, այսպես կոչված՝ «կարմիր կոճակը» և միջուկային մարտագլխիկով հրթիռ արձակել։
Sputnik
​Հենց այսպիսի հիրավի անհեթեթ իրավիճակ է ստեղծվել Միացյալ Նահանգներում այն բանից հետո, երբ Նյու Յորքի դատարանում բոլոր ատենակալները միաձայն մեղավոր են ճանաչել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ինչն արդեն աննախադեպ է. մինչև այսօր նման բան երբեք չէր պատահել ո′չ գործող, ո′չ էլ նախկին որևէ նախագահի հետ։
​Ճիշտ է, պատժաչափը դեռ պետք է հրապարակի դատավորը ավելի քան մեկ ամսից, բայց բոլոր դեպքերում, եթե Թրամփը ցանկանա, ասենք, որսորդական հրացան գնել, վաճառողն անպայման կառարկի՝ sorry, դուք մեղադրվում եք քրեական հանցանք գործելու մեջ։ Միևնույն ժամանակ, եթե նոյեմբերին Թրամփը նախագահ ընտրվի, ինչը չի բացառվում նույնիսկ եթե նրան մինչ այդ բանտ նստեցնեն, նա իրավունք կունենա տնօրինելու «կարմիր կոճակը», այսինքն՝ միջուկային զենքը, և որոշելու մարդկության ճակատագիրը։ Ինչ արած, դա Ամերիկան է։
«Հավերժական» կյանքի ճանապարհին չինացի գիտնականները վերացրին ևս մի խոչընդոտ
​Ու ևս մի հետաքրքիր պահ։ Հայաստանում կայացրած ցանկացած դատավճռից հետո, որից, բնականաբար, ոչ բոլորն են գոհ լինում, մենք փաստում ենք՝ որքան էլ խոսեցինք վեթինգի մասին, բարձրացրինք դատավորների աշխատավարձը, միևնույն է, անկախ դատական համակարգը մեզ մոտ այդպես էլ չկայացավ, դրա համար տասնամյակներ ու հարյուրամյակներ են պետք, ինչպես Ամերիկայում։ Բայց եթե այս օրերին լսեք, թե ինչեր են ասում Թրամփի կողմնակիցներն իրենց դատական համակարգի մասին, ձեզ Հայաստանում կզգաք։
Ահավասիկ։ Թրամփը քաղբանտարկյալ է, գործադիր իշխանությունը Ջո Բայդենի գլխավորությամբ ամեն ինչ անում է Թրամփին վարկաբեկելու և ընտրարշավից դուրս թողնելու համար, դատավորները կոռումպացված են և կողմնակալ, Նյու Յորքի շրջանային դատավոր Խուան Մերչանը Թրամփի դեմ է տրամադրել ատենակալներին, քանզի նրա աղջիկը՝ Լորենը, աշխատում է մի ընկերությունում, որը պաշտպանում է դեմոկրատ կոնգրեսականների, մասնավորապես, Ադամ Շիֆի շահերը։ Ատենակալներն էլ բոլորովին անաչառ չեն, որովհետև երբ նրանց ընտրելիս հարցրել են, թե որ լրատվամիջոցներն են նախընտրում, ճնշող մեծամասնությունը տվել է այն թերթերի ու հեռուստաընկերությունների անունները, որոնք անընդհատ քննադատում են Թրամփին։ Պարզ չի՞, որ Թրամփի դեմ էին արտահայտվելու։
Հին քաղաքակրթությունների և տեկիլայի երկիրն այսուհետ կգլխավորի Նոբելյան մրցանակակիր կինը
Թրամփը Թրամփ չէր լինի, եթե չփորձեր նույնիսկ ամենատհաճ իրավիճակից կորզել առավելագույն օգուտը։ Նրա փաստաբանը հայտարարել է՝ իմ պաշտպանյալը ողջ հանրության պաշտպանության կարիքն ունի, որովհետև իշխանությունները ուզում են նրան սպանել։ Կարելի է, իհարկե, սա պարզ քարոզչական հնարք համարել, սակայն փաստն այն է, որ դատավորն իրոք կարող է մեղադրանքի 34 կետերից յուրաքանչյուրի համար 4-ական տարի տալ, ինչը կնշանակի, որ Թրամփը մինչև կյանքի վերջը կմնա բանտում։ Որպեսզի ճաղերի հետևում չմնա, եկեք նախագահ ընտրենք՝ կոչ են անում Թրամփի կողմնակիցները։ Եվ այդ հորդորը լավ էլ արձագանք է գտնում. միանգամից կտրուկ ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք ինչ-որ գումար են փոխանցել նախկին նախագահի նախընտրական արշավի համար։
Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Թրամփը ավելի քան 100 տարվա ազատազրկման չի դատապարտվի։ Իսկ եթե նույնիսկ դատավորը մի քանի տարվա ազատազրկման վճիռ կայացնի, նոյեմբերյան ընտրություններում հաղթելու դեպքում նա, միևնույն է, ազատ կարձակվի ու կրկին կհայտնվի Սպիտակ տանը։ Ու էստեղ նոր՝ անսովոր ու վիճահարույց հարց է ծագում՝ կարո՞ղ է արդյոք նորընտիր նախագահը ինքն իրեն ներում շնորհել։
Համաձայնե′ք՝ իրոք չափազանց հետաքրքիր հարց է։ Նման բան Ամերիկայի պատմության ընթացքում երբեք չի եղել, սահմանադրությունն էլ այդ մասին լռում է։ Ստացվում է մի իրադրություն, որը հար և նման է անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասելի հայտնի պարադոքսին։ Հիշո՞ւմ եք. «Գյուղում ապրում է մի վարսավիր, որը սափրում է բոլոր նրանց և միայն նրանց, ովքեր չեն սափրում իրենք իրենց։ Հարց՝ արդյոք վարսավիրը սափրո՞ւմ է ինքն իրեն»։
Այս հարցի պատասխանը բերում է հակասության։ Ըստ պայմանի, վարսավիրը չի կարող սափրել ինքն իրեն, քանի որ սափրում է միայն նրանց, ովքեր չեն սափրում իրենք իրենց։ Բայց եթե վարսավիրը չի սափրում ինքն իրեն, ուրեմն նա հայտնվում է այն մարդկանց շարքում, որոնք չեն սափրում իրենք իրենց և որոնց պետք է սափրի վարսավիրը։ Հետևաբար, վարսավիրը պետք է սափրի ինքն իրեն։ Դե հիմա ասեք՝ կարո՞ղ է Թրամփը սափրել, կներե′ք, ներում շնորհել ինքն իրեն, եթե, իհարկե, կրկին նախագահ դառնա։