Այս տարվա համար ամբիցիոզ տնտեսական աճ ենք թիրախավորել․ Պապոյան

Գևորգ Պապոյան
Նախարարի խոսքով՝ թեպետ տարբեր կառույցների գնահատականով՝ մեր տնտեսական աճի պոտենցիալը 5-5,5 տոկոս է, սակայն նախարարությունն առավել բարձր ցուցանիշ է որպես թիրախ ընտրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. 2024թ․ առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,2 տոկոս։ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս ցուցանիշը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մեր թիրախը տարվա համար շատ ամբիցիոզ է՝ 7 տոկոս տնտեսական աճ»,- հայտարարեց նախարարը։
Նա նշեց՝ դա այն դեպքում, երբ տարբեր կառույցների գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական պոտենցիալը մոտ 5-5,5 տոկոս է, այսինքն՝ համարվում է, որ Հայաստանն այդքան տնտեսական աճ կարող է ունենալ, և դրանից ավելի պետք է վերագրել կա՛մ լրացուցիչ ջանքերի, գիտելիքների, կա՛մ այլ մակրոտնտեսական ազդեցությունների։
Նախարարի խոսքով՝ կան միջազգային բազմաթիվ գործընկերներ, որոնք կարծում են, որ կունենանք ավելի բարձր տնտեսական աճ՝ 6- 6,5 տոկոս։
«Չնայած դրան՝ մենք մեր պոտենցիալից ավելի բարձր տնտեսական աճ ենք թիրախավորել։ Մենք ամեն օր աշխատում ենք հենց այդ 7 տոկոս տնտեսական աճի ուղղությամբ»,- ասաց Պապոյանը։
Հիշեցնենք` 2023թ․ հոկտեմբերին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունն ակնկալում է առնվազն 7% տնտեսական աճ։ Արդյունքում Հայաստանը գրանցեց 8,7 տոկոս տնտեսական աճ։
2022 թվականին էլ, ըստ ՀՀ էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, որն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն է եղել։