ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Սևանա լճում, ափից 65-70 մ հեռավորության վրա, 4 մետր խորությունից հայտնաբերված 25-ամյա Անահիտ Մնացականյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մայիսի 31-ին հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ է ստացվել բաժին այն մասին, որ իրենց մոտ հանգստացող Ա․ Մնացականյանի շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։ Որոնողական աշխատանքները մեկնարկել էին մայիսի 31-ից, և 2 օր անց ջրափրկարարները հայտնաբերել էին Մնացականյանի դին։ Սոցցանցերում նշվում է, որ Անահիտ Մնացականյանը կոմպոզիտոր էր։
«Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։ Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անահիտ Մնացականյանի մայրը` Ռուզաննա Մնացականյանը ժամեր առաջ էլ իր էջում կիսվել է մի տեսանյութով, որտեղ դուստրը նվագում է և ընկերների հետ երգում։ Կից նաև մի գրառում էր արել, որտեղ նշել է, որ իր աղջիկն առեղծվածային ձևով կորել է Սևանի հյուրանոցներից մեկից, որտեղ պետք է 2 օր հանգստանար։ Ռուզաննա Մնացականյանը նաև գրել է, որ Անահիտի 25-ամյակի առթիվ ինքն ու ամուսինը նվեր էին արել, որպեսզի գնար և հանգստանար։