Մեղավորը միայն անձրևները չեն. Ալավերդի համայնքի ղեկավարը` հեղեղումների մասին

Ալավերդի համայնքի ղեկավարի խոսքով` գետը վերադարձրեց այն, ինչ տվել էինք գետին։
Sputnik
Հեղեղումների այսօրինակ հետևանքների մեղավորը միայն անձրևները չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք միայն անձրևները կարող էին այսպիսի հեղեղումների պատճառ լինել։
«Բոլորս ենք մեղավոր` ես, դուք, բնակիչը, բիզնեսմենը։ Որովհետև մեկին թույլ ենք տվել` էնտեղ մի բան լցնի, էն մեկին տեսել ենք լցնելիս ձայն չենք հանել, մենք ինքներս ենք լցրել, գետին նեղացրել»,– ասաց նա։
Ղումաշյանն ընդգծեց` գետը մեզ վերադարձրեց այն, ինչ մենք տվել էինք գետին։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ