Դատարանը մերժեց հանրային մեղադրողին. Սամսոնյանը և Սաղաթելյանը կմնան ազատության մեջ

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
Դատարանը որոշեց, որ այն խափանման միջոցները, որոնք ընտրվել են, պետք է մնան անփոփոխ, որովհետև դրանք ապահովում են այն պայմանները, որոնք դատարանը դրել է իր առջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում ընթացող դատական նիստում դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց հանրային մեղադրողի՝ «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը։
Նշենք, որ Սամսոնյանի և Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։
Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկություն ներկայացրեց։
Դատարանը որոշեց, որ այն խափանման միջոցները, որոնք ընտրվել են, պետք է մնա անփոփոխ, որովհետև դրանք ապահովում են այն պայմանները, որոնք դատարանը դրել է իր առջև։
Հիշեցնենք` մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։
Նրանց մեղադրանք էր առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը Սաղաթելյանն ազատությունից զրկվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը մայիսի 21-ին որոշում կայացրեց, համաձայն որի` Սամսոնյանն ու Սաղաթելյանն ազատ արձակվեցին։ Խափանման միջոց կալանքը վերացվեց, նրանց նկատմամբ ընտրվեց վարչական վերահսկողություն, նրանք 3 ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմին» կամ որևէ այլ հաղորդում։