ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Կասպյան նավագնացություն» ընկերության (ASCO) «Զիխ» գործարանի լողացող նավաշինարանում շմոլ գազից թունավորվելու հետևանքով հինգ աշխատակից է մահացել։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17։00-ին։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ նավաշինարանի հերթապահ Նամիգ Յոլչուևը, նկատելով չորս աշխատողների բացակայությունը, որոնել է նրանց և մտել բալաստի պոմպային խցիկ և նույնպես թունավորվել։
«Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ջոկատը դեպքի վայրում հայտնաբերել է Թուրալ Սաֆարալիևի, Օրխան Շախբազովի, Նամիգա Յոլչուևի, Թեյուբ Աղաևի և Սամիդ Մամեդովի դիերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս երկու մարդ։