ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի։ Այս մասին ֆեյսբուքում հումորային գրառմամբ տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք»,–գրել է Սուրենյանը։
Նրա էջի հետևորդները սովորույթի համաձայն նույնպես հումորային մեկնաբանություններով են արձագանքել։
«Ժող, շատ մի ուրախացեք, ասում ա` որոշակի, բայց ոչ ամբողջությամբ։ Դիվանագիտական լեզվով ա խոսում», «Կարա՞մ արդեն ամառային շորերը հետ կախեմ տեղը», «Էնպես ենք թրջվել, դժվար էլ մինչև մյուս ամառ չորանանք», « Փառքդ շատ Սուրենյան»,–կատակել են էջի բաժանորդները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի, բայց հունիսի 3-5–ը 2-4 աստիճանով կբարձրանա։