ՀԿԵ–ն առաջին անհրաժեշտության պարագաներ է տեղափոխում հեղեղից տուժած բնակավայրեր

ՀԿԵ շարժակազմով դեպի տուժված բնակավայրեր օգնություն ցուցաբերելու համար ներգրավվել են ՈՄԱ կազմակերպության կամավորները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն կազմակերպում է քաղաքացիների, սննդամթերքի, առաջին անհրաժեշտության պարագաների և տեխնիկայի փոխադրումը ՀՀ Տավուշ և Լոռի մարզերում մայիսի 26–ին հորդառատ անձրևից հետո հեղեղված բնակավայրեր։ Այդ մասին հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանրապետության հյուսիսում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթգծի շուրջօրյա վերականգնողական աշխատանքներին զուգահեռ ՀԿԵ–ն փոխադրումներ է իրականացնում դեպի Քարկոփ, Ճոճկան, Մեծ և Փոքր Այրում բնակավայրեր։
ՀԿԵ շարժակազմով դեպի տուժված բնակավայրեր օգնություն ցուցաբերելու համար ներգրավվել են ՈՄԱ Կապան կազմակերպության կամավորները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեբեդ գետի երկայնքով անցնող և տարերային աղետից վնասված երկաթուղային հատվածների մոտ ՀԿԵ-ի ջերմաքարշերը քարերով բեռնված ինքնաթափ վագոններ են տեղափոխում։ Դրանք բեռնվում են Քարաբերդի քարհանքերում և «Այրում» կայարանում։ Բեռը լցվում է ուղիղ գետը՝ երկաթգծերի երկայնքով հողի կայունությունն ապահովելու համար։ Այս միջոցառումները ձեռնարկվում են, որպեսզի հետագայում ջրային տարերքը թույլ չտա խախտել գնացքների անխափան երթևեկությունը։
Հիշեցնենք` ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։
ՀԿԵ–ն վերանորոգման աշխատանքներ է իրականացնում