Հայկական «արևային» բիզնեսը սկսել է վաճառքը Վրաստանում և մեծ ծրագրեր ունի

Բացի իր արևային պանելների արտահանումից, Shtogen-ը նախատեսում է մասնակցել Վրաստանում խոշոր արևային կայանի կառուցմանը: Ընկերությունը նախատեսում է նաև երկու երկրներում էլեկտրական մեքենաների համար լիցքավորման ցանց կառուցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արևային վահանակներ հավաքող հայկական «Շտիգեն» (Shtigen) ընկերությունը սկսել է վաճառքը Վրաստանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Shtigen Ventures ընկերության բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը։
Նրա խոսքով` ընկերության դուստր ձեռնարկությունը հարևան երկրում գործում է փետրվարից, այնտեղ արդեն կան վրացի բաժնետերեր և լավ փորձ ունեցող տեխնիկներ, որոնք զբաղվում են վահանակների մոնտաժով։
«Բացի սովորական պատվերներ կատարելուց, մենք ուզում ենք այնտեղ մասնակցել արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանի կառուցմանը` միջազգային կազմակերպություններից մեկի միջոցներով։ Արդեն հայտ ենք ներկայացրել կառուցման մրցույթին մասնակցելու համար»,-հավելեց Գյուլբուդաղյանը։
Նա հիշեցրեց, որ ընկերությունը նման փորձ ունի նաև Հայաստանում. ընկերությունը մասնակցում է Սևանի ափին մոտ 62 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանի կառուցմանը: Ծրագիրը մասամբ ֆինանսավորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։
Բացի այդ, ընկերությունը մտադիր է էլեկտրամոբիլների համար լիցքավորման կետերի ցանց բացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Մեր երկրում ընկերությունն արդեն բանակցություններ է վարում կառավարության և էլեկտրացանցի հետ` մայրուղիների վրա լիցքավորման կետեր տեղադրելու համար (ընդ որում` Shtigen-ը ցանկանում է դրանց համար օգտագործել հայ ինժեներների մշակած սարքավորումները)։
Գյուլբուդաղյանը նշեց, որ Վրաստանում էլեկտրամոբիլներն ավելի քիչ են, քան Հայաստանում (չհաշված հիբրիդային մեքենաների մեծ քանակը, որոնցից շատերը որպես տաքսի են օգտագործվում): Չնայած դրան, տեղի ընկերություններն արդեն լիցքավորման ցանցեր են կառուցում (այդ թվում` Թբիլիսի-Բաթումի մայրուղու վրա), խոշոր հյուրանոցները նույնպես իրենց ավտոկայանատեղերում նման լիցքավորման կայաններ են բացում։ Սակայն, նրա խոսքով, այստեղ աշխատանքի դաշտ կա։
Գերմանացիներն ուզում են Հայաստանում խաղողի այգիների վրա արևային վահանակներ փորձարկել
Որքան շատ լինեն լիցքավորման կետերը, որքան ուժեղ լինի մրցակցությունը, այնքան ցածր կլինեն գները, կարևոր չէ` Հայաստանում, թե Վրաստանում։ Իհարկե, էլեկտրամոբիլներն այժմ էլ շատ ավելի էժան են շահագործվում, քան բենզինով կամ գազով աշխատող մեքենաները, բայց, օրինակ, Հայաստանում վճարովի լիցքավորումը, Գյուլբադաղյանի խոսքով, գրեթե երեք անգամ ավելի թանկ է ստացվում, քան տնից լիցքավորումը։
«Բայց ցանկացած սակագնի դեպքում պետք է նկատի ունենալ, որ առաջին երկու-երեք տարին այդպիսի ցանցը վնասով է աշխատելու, քանի որ հանրապետությունում դեռ բավարար Էլեկտրամոբիլներ չկան, արագ լիցքավորման կետերը քիչ են։ Բայց շուկան կաճի»-հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար 2024 թվականին պահպանվել է էլեկտրամոբիլների ներմուծման անմաքս քվոտան` 8 հազար մեքենայի համար։