ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը վստահեցնում է, որ ՀՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն անշնորհք ձևով է խոսել իր հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանի այցին ընդառաջ ապամոնտաժվել է Գյումրիում նախատեսված մանկական համերգի բեմը։ Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը պատմել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը զանգել, հրահանգել է համերգը նախատեսվածից շուտ սկսել։ Մասնակիցները բացատրել են, որ դա հնարավոր չէ։ Դրանից հետո բեմը պարզապես ապամոնտաժել են։ Թովմաս Առաքելյանը լրագրողներին ներկայացրեց փոխնախարարի հետ խոսակցության մանրամասները` նշելով, որ Դանիելյանը հրամայել է համերգը սկսել մեկ ժամ շուտ։
«Ասաց` պետական բյուջեից եք սնվում, ես էլ ասելու եմ` երբ եք ելույթ ունենալու, բայց ես իրեն կոռեկտ ձևով ծանուցեցի, որ այս երկրում ինքը իշխանություն չունի ու չի կարող ժամ որոշել»,– պատմեց պրոդյուսերը։
Նրա խոսքով` հետո Դանիելյանի հետ խոսակցությունը շարունակվել է Թատերական հրապարակում, այդ ժամանակ փոխնախարարը հոգևորականի սքեմը անվանել է «դերիա»։
«Նա ինձ ասաց` եկել, պրոդյուսեր ես ներկայանում, ուրեմն «դերիադ» հանի, նոր ներկայացի։ Ինչից հետո ես իրեն ծանուցեցի, որ նա անշնորք է և այս անգամ հավելեցի «անդաստիարակ» բառը»,– պատմեց նա։
Թովմաս Առաքելյանի խոսքով` հետո Դանիել Դանիելյանը նաև հայհոյել է։
«Ասաց` արի ականջիդ բան ասեմ, մտածեցի` ասելու է, որ Երևանից ինձ ստիպում են, ինձ մի մեղադրեք, ես չեմ կարող ոչինչ ասել, բայց նա եկավ ու ականջիս ասեց ի՞նչ... հայհոյանք»,– նշեց պրոդյուսերը։
Այս ամենից հետո, ըստ Առաքելյանի, համերգ են կազմակերպել առանց «ՏաԼույս» երգչախմբի և ոչ թե Թատերական հրապարակում, ինչպես նախատեսվել էր, այլ Դրամատիկական թատրոնի դահլիճում։ Պրոդյուսերի խոսքով` հանդիսատես չի եղել, միայն երեխաների ծնողները։