Պուտինը ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ

Վլադիմիր Պուտինն ու Արթուր Չիլինգարովը
Հայազգի հայտնի բևեռախույզն ու ՌԴ Պեդումայի պատգամավորը կյանքից հեռացել է 85 տարեկանում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Չիլինգարովի հարազատներին»,– ասել է Պեսկովը։
Նշենք, որ Չիլինգարովը մահացել է այսօր։
Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25–ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն է զբաղեցրել, բայց 1940–ականներին ճնշումների է ենթարկվել (վերականգնվել է 1954 թվականին)։
Արթուր Չիլինգարովն ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի, 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։
Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին