ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը հացադուլ ու ջրադուլ է հայտարարել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը։
«Նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»,–հայտնել է Հարությունյանի դուստրը:
Նա նշել է, որ հորն արդեն տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն այսօր ՀՀ ԱԳՆ–ի մոտ էին։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ Ավելի ուշ ՔԿ–ից հայտնեցին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 28 մասնակից ձերբակալվել է։
Ըստ ՔԿ հաղորդագրության` ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: