ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի ունեցած և որևէ ձևով չարդարացված ոստիկանական բռնություններն անպատվաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարության համակարգի, այլև հայկական դիվանագիտական անձնակազմի համար։ Այս մասին ասվում է Դիվանագետների համահայկական խորհրդի նտարածած հայտարարության մեջ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։
«Հայ դիվանագետները երբևէ սեփական ժողովրդից պաշտպանվելու կարիք չեն ունեցել։ Դիվանագետի կոչումն է սեփական ժողովրդի շահերի պաշտպանությունը միջազգային բոլոր մակարդակներում։ Մերը ծառայություն է, այլ ոչ սովորական բյուրոկրատական աշխատանք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այսօր Հայաստանն արտաքին աշխարհի և տարածաշրջանային վտանգների առջև կանգնած է անկախության շրջանի ամենաերերուն և անհաստատ դիրքով։
«Մենք ճանաչում ենք այս պահին դեռևս իրենց պարտքն արտգործնախարարությունում իրականացնող մեր գործընկերներին և հասկանում ենք, թե ինչպիսի ծանր իրավիճակում են նրանք գտնվում։ Ձեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դիվանագետների համահայկական խորհուրդը գործընկերներին հորդորում է ընդվզել միանձնյա ու ժողովրդի թիկունքում կայացրած որոշումների դեմ, որոնք ընդունվել են` առանց հաշվի առնելու դիվանագիտական անձնակազմի մտահոգություններն ու նախազգուշացումները։
Կոչ է արվում չվերցնել ՀՀ իշխանությունների քայլերի պատասխանատվությունը, միանալ ժողովրդի պահանջներին և միավորելով ուժերը, փորձն ու գիտելիքը Հայաստանը դուրս բերել ծանրագույն վիճակից։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։