Ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառում Արևմուտքի աջակցությամբ. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի խոսքով՝ իր նախագահ եղած ժամանակ չի եղել մի դեպք,որ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում լինի ու դրան արձագանք չլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Իշխանությունները բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, քանի որ ստանում են անհամաչափ արտաքին աջակցություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Առաջին հերթին ես նկատի ունեմ հավաքական Արևմուտքին։ Քանի որ ավանդաբար ոչ արևմտյան երկրները և մեր դաշնակից երկրները որևէ հայտարարություն մեր ներքին կյանքին վերաբերող բացառում էին։ Մենք ԵԽ անդամ ենք, և ԵԽ անդամ երկրներն են պարտավոր զբաղվել այդ գործով»,– ասաց նա։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ իր նախագահ եղած ժամանակ չի եղել մի դեպք, որ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում լինի ու դրան արձագանք չլինի։
«Եթե մեր ժամանակ պատգամավոր ծեծեին, ինչ-որ բան անողը մենք չէինք լինի, դրսից կանեին։ Որպեսզի պատգամավորին ծեծեին և քրեական գործ չհարուցվե՞ր՝ նման բան մեր դեպքում բացառվում էր»,-ասել է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է «Տավուշ հանուն հայրենիքի» շարժմանը աջակցելուն, ապա Սերժ Սարգսյանը ասաց, որ ինքն ու իր կուսակիցները աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ սրբազանը։
«Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն մենք իրեն ենք աջակցում։ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Այսինքն, դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նա անդրադարձավ նաև ոստիկանների կողմից կաթողիկոսի մուտքը Սարդարապատ հուշահամալիր արգելելու դեպքին ու ասաց, որ դա բոլոր իրավական և բարոյական նորմերից դուրս է։
Հավելենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրեց ՀՀ երրորդ նախագահին։