ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասնակիցը մեկ այլ մասնակցի կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառել, ինչի համար ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրբ Աննա եկեղեցու բակում վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ռ.Հ.-ն ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից առերևույթ հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դասալքության, զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու համար նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված Ռ.Հ.-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին: