ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանցակազմի բացակայության հիմքով։
Դատավոր Վահե Միսակյանը կարդաց վճիռը, որով արդարացվեցին նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Վերջին երկուսի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին։ Դատարանը վերացրեց նաև նրանց խափանման միջոցը։
«Սերժ Սարգսյանի ու Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա դրված կալանքը վերացնել»,– ասաց դատավորը։
Նա հայտնեց, որ դատավճիռը 1 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։ Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։