ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Դիլիջանի ներկայիս թունելի բարեկարգման ֆինանսական և տեխնիկական գնահատումները ցույց են տվել, որ ավելի նպատակահարմար է նորը կառուցել։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Մենք պլանավորել ենք 2 հիմնական մեծ թունելների նոր նախագծային աշխատանքներ սկսել։ Խոսքը Պուշկինի և Դիլիջանի թունելների մասին է, դրանց վիճակը թե՛ անվտանգության, թե՛ մնացած տեսանկյուններից բարվոք չէ։ Օգտագործել ենք վարկային ծրագրերի խնայողությունները և միջազգային նախագծողին պատվիրակել նախագծային աշխատանքներ։ Այս պահին որոշում ունենք ընդունված, որ Պուշկինի թունելն ամբողջությամբ պետք է վերականգնվի։ Դիլիջանի թունելի մասով էլ կարևոր որոշում ենք կայացրել` նախատեսում ենք նորը կառուցել։ Ֆինանսական և տեխնիկական գնահատումները ցույց տվեցին նոր թունել կառուցելու նպատակահարմարությունը»,– ասաց Ղալեչյանը։
Նրա խոսքով` նախագծային փաստաթղթերն ամենաուշը մինչև տարվա վերջ պատրաստ կլինեն։
Փոխնախարարը նշեց, որ Դիլիջանի թունելի կառուցումն ամենայն հավանականությամբ կսկսվի 2025 թվականի սկզբին։
Ըստ նրա` երկու թունելների շինարարությունը պլանավորում են միջազգային ծրագրերով իրականացնել։ Ղալեչյանը վստահեցրեց` անվտանգության բարձր ստանդարտներ են որդեգրել` մեծ ուշադրություն են դարձնելու օդափոխության, հակահրդեհային, լուսավորության և տարհանման համակարգերին։