ՀՀ ԱԳՆ շենքի մոտից 29 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ

Այս պահի դրությամբ իրադրությունը հանդարտվել է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ շենքի առջևից ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին զգուշացրեց, որ ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք։ Բագրատ սրբազանը կրկին հայտարարեց՝ մուտք են գործելու ԱԳՆ շենք։ Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց։ Բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։
Այս պահին իրադրությունը հանդարտվել է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։