ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ֆուտբոլային Հայաստանում մրցաշրջանը ավարտից անմիջապես հետո հերթական սկանդալն է հասունանում։ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի սեփական հարկի տակ անցկացվելիք հանդիպումը կարող է անցկացնել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում։ Եթե այդպես լինի, դա կլինի հայկական ֆուտբոլի խայտառակությունը։
Հարցը պարզաբանելու համար Sputnik Արմենիան զրուցել է «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ։
-Պարոն Սողոմոնյան, ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի իր հարկի տակ հանդիպումը ստիպված կարող է լինել անցկացնել Վրաստանում։
-Համաձայն եմ, որ անհասկանալի ու անընդունելի փաստ է, բայց դա կարող է իրականություն դառնալ։ Բանն այն է, որ դեռևս ապրիլ ամսին մենք ՀՖՖ-ից նամակ ստացանք, որտեղ նշվում էր, որ չեմպիոն դառնալու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երևանյան հանդիպումը կարող ենք անցկացնել կամ Արմավիր քաղաքի մարզադաշտում, կամ էլ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում։ Սա արդեն իրոք ծիծաղելի է։
Նախորդ մրցաշրջանում, երբ «Փյունիկը» ստիպված էր Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության սեփական հարկի տակ հանդիպումը անցկացնել Աբովյանի ստադիոնում, 2-3 հազար երկրպագուներ չկարողացան հետևել խաղին տրիբունաներից, որովհետև տեղ չկար։ «Փյունիկն» ունի երկրպագուների բավականին լուրջ բանակ, բացի այդ, միջազգային խաղերին մեր թիմին երկրպագում են հայ համարյա բոլոր ֆուտբոլասերները։ Ու Չեմպիոնների լիգայի խաղը 2 կամ 3 հազար նստատեղ պարունակող Արմավիրի կամ Գյումրիի ստադիոններում անցկացնելը պարզապես անթույլատրելի ու անհասկանալի է։ «Փյունիկի» և ՀՖՖ-ի միջև հակամարտություն կա, դա գիտեն բոլորը։ Բայց տվյալ դեպքում մենք ներկայացնում ենք հայկական ակումբային ֆուտբոլը, Հայաստանը, հայ ժողովրդին, ու նման արհամարհական ու մարդկային լոգիկային չհամապատասխանող որոշման պատճառով ուղղակի խայտառակում ենք մեր երկիրը։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հուլիս ամսին ոչ մի հանդիպում չի էլ անցկացվում, սա պարզապես «Փյունիկի» դեմ ուղղված որոշում է։ Այդ պատճառով մենք դիմեցինք Թբիլիսիի «Դինամոյին», որտեղ շատ զարմացան, բայց համաձայնեցին, որ «Փյունիկը» իր խաղը Չեմպիոնների լիգայում անցկացնի Թբիլիսիում։ Տեղեկացրել ենք նաև ՈւԵՖԱ, ու ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ ՈւԵՖԱ-ն արդեն փորձում է պարզաբանում ստանալ ՀՖՖ-ից։ Բայց ՀՖՖ-ն լռում է, իսկ մենք մեր ձեռքին ունենք Թբիլիսիի «Դինամոյի» հետ պայմանագիրը խաղն անցկացնելու համար։
Ինչ ասեմ մի կազմակերպության մասին, որը ընթացող մրցաշրջանի ժամանակ փոխում է կանոնակարգը, ու պարզվում է, որ եթե ԲԿՄԱ-ն զբաղեցնի վերջին տեղը, ապա Պրեմիեր լիգային ոչ մի թիմ հրաժեշտ չի տա։ Ի՞նչ ասեմ մի կազմակերպության մասին, որը առայժմ «Փյունիկին» չի հանձնել նախորդ մրցաշրջանի փոխչեմպիոնի արծաթե մեդալները։ Հայկական ֆուտբոլը ՀՖՖ-ի ներկայիսկ ղեկավարությունը կործանում է, ուրիշ ոչինչ։ Իսկ առաջիկա մրցաշրջանում մեր հիմնական նպատակը լինելու է եվրոպական մրցասպարեզում բարձր արդյունքների հասնելը, քանի որ Պրեմիեր լիգան մեր համար արդեն ստանում է երկրորդական նշանակություն, եզրափակեց Սողոմոնյանը։
Հավելենք, որ «Փյունիկ»-ՀՖՖ հակամարտությունը սկսվել է այն ժամանակից, երբ ակումբը ձեռք բերած Արթուր Սողոմոնյանը քննադատություններ է հնչեցրել ՀՖՖ-ի նկատմամբ։ Գործը հասել է նրան, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 2023-ի մայիսին դատական հայց է ներկայացրել Սողոմոնյանի նկատմամբ։
Sputnik Արմենիային չհաջողվեց կապ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: