ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. 1 տոննա կոկաինի գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, և աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ են արձակվել»,– գրում է պարբերականը:
Ավելին՝ լրացել է նաև բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։
Ըստ թերթի` դեռևս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության և այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան:
«Ուժայինները մինչ օրս սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է»,– նշում է «Ժողովուրդը»։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: