ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ շուրջ ավելի քան 18 մլն դրամի հափշտակություն է կատարվել։ Չորս անձի վերաբերյալ մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ–ի տնօրեն հանդիսացած Հ.Պ․-ն (Հայկ Պետրոսյան. խմբ) իր տնօրինմանը հանձնված խոշոր և առանձնապես խոշոր չափի գույքեր է հափշտակել։
2017թ․ մայիսից մինչև 2019թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածում, բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի («Մեդիքալ Ինվեստ») տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետի դուստր Գ.Զ-ն (Երվանդ Զախարյանի դուստր Գայանե Զախարյան) նույն բժշկական կենտրոնում համատեղության կարգով ճառագայթային ֆունկցիոնալ գործիքային ախտորոշման բաժանմունքում հրամանագրվել է աշխատանքի որպես գերձայնային հետազոտության բժիշկ֊կոնսուլտանտ այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նման հաստիք նախատեսված չի եղել։
Նշված ժամանակահատվածում Գ.Զ․-ի անվամբ լրացուցիչ հաշվարկվել և բժշկական կենտրոնի բյուջեից վճարվել է 4.486.560 դրամ աշխատավարձ:
Բացի այդ, պարզվել է, որ 2014թ․ սեպտեմբերից մինչև 2019թ․ ընկած ժամանակահատվածում նշված բժշկական կենտրոնում որպես ավագ վարորդ հրամանագրված Գ.Ա․-ին ավտոմեքենա և վառելանյութ չի հատկացվել, իսկ «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենան շահագործվել է Գ.Զ․-ի անձնական կարիքների համար, մինչդեռ բժշկական կենտրոնի բյուջեից Գ.Ա․-ին է վճարվել 10.004.931 դրամ աշխատավարձ։
Բացի այդ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ–ի տնօրեն Հ. Պ․-ն 2013-2020 թթ․ ընթացքում բժշկական կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի օժանդակությամբ կազմել է տրանսպորտային միջոցների վառելանյութի ծախսի վերաբերյալ կեղծ բովանդակությամբ ուղեգրեր։ Դրա հետևանքով բժշկական կենտրոնի բյուջեից դուրս է գրվել և հափշտակվել 4.147.200 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 10.472 լիտր բենզին։
Բժշկական կենտրոնի հանգուցյալ տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով)։
«Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Զ․-ի և կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) իսկ որպես վարորդ հրամանագրված Գ.Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը):
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։