Պուտինն ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին Բարեկամության շքանշան է հանձնել

Ամերիկացի դերասանը բարեկամության շքանշանի է արժանացել «միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է հանձնել ՌԴ ԱԳՆ հումանիտար կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
Սթիվեն Սիգալին պարգևատրելու մասին ՌԴ նախագահի հրամանագրում նշվել է, որ Բարեկամության շքանշանին նա արժանացել է «միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»:
Նախորդ անգամ Սիգալը Կրեմլում էր բոլորովին վերջերս՝ մայիսի 7-ին նախագահի երդմնակալության արարողությանը:
Բացի այդ, երկրի ղեկավարը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել գեղարվեստական մարմնամարզության Համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ, ՌԴ գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովային: ՌԴ ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն, Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:
Պուտինը նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրել ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովին: Ժողովրդական արտիստ Ստաս Միխայլովը դարձել է «Մշակույթի և արվեստի մեջ վաստակի համար» շքանշանի ասպետ։
Սթիվեն Սիգալը ծնվել է 1952-ին և հայտնի դարձել որպես 1980-1990-ականների մարտաֆիլմերի հերոս։ Նա այկիդոյի վարպետ է, տիրապետում է կարատեի և այլ մարտարվեստների: Այժմ Սիգալն ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացու անձնագիրը նրան 2016-ին հանձնել է Պուտինը։