ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Իրանի նախագահական ընտրություններին պաշտոնապես գրանցվել է երեք թեկնածու: Այս մասին հայտարարել է նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մինչ այժմ գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած անձանց ընդհանուր թվից միայն երեք թեկնածու ունեն համապատասխան բնութագրեր, նրանց գրանցումը հաստատվել է», - ասել է Էսլամին:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահական նոր ընտրությունները պետք է տեղի ունենան 50 օրվա ընթացքում: Թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, ստուգումը՝ հունիսի 4-10-ը: Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Նախընտրական քարոզարշավը կտևի հունիսի 12-26-ը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Եթե անհրաժեշտություն լինի, երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։