Ինչո՞ւ Վահե Ղազարյանը դուրս չեկավ ՆԳՆ–ի շրջափակված շենքից․ «Հրապարակ»

Ըստ թերթի` Վահե Ղազարյանը մի քանի անգամ ցանկացել է դիմում գրել, հեռանալ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով հետ է կանգնել մտադրությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կարող էր դուրս գալ ՆԳՆ–ի շրջափակված շենքից։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը` անդրադառանալով երեկվա իրադարձություններին, երբ Ղազարյանի փոխարեն փոխնախարար Արփինե Սարգսյանն էր ներկայացել ԱԺ բյուջետային քննարկումներին։
Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները շրջափակել էին ՆԳՆ շենքը և հանդիպում էին պահանջում Ղազարյանի հետ։ Նա աշխատակիցների միջոցով փոխանցել էր, որ չի կարող իջնել, քանի որ հանդիպումներ ունի։
Ո՞ւր է Վահե Ղազարյանը. ԱԺ–ում բյուջեի կատարողականի քննարկումը վերածվեց վիճաբանության
Լրագրողը Արփինե Սարգսյանին հարցրել է՝ ինքը ՆԳՆ շենքի՞ց է եկել խորհրդարան, եթե այո, ապա ինչպե՞ս է ճեղքել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների շարքերը, քանի որ նրանք վաղ առավոտից շրջափակել էին ՆԳՆ շենքը և Վահե Ղազարյանի հետ հանդիպում էին պահանջում (հենց այդ պատճառով էլ ՆԳ նախարարը չէր գնացել խորհրդարան, թեև նախապես ծրագրված էր, որ համակարգի ղեկավարն է ներկայացնելու իրենց հաշվետվությունը):
Արփինե Սարգսյանը պատասխանել է, որ ՆԳ շենքից է դուրս եկել: Ինչպե՞ս, հետնամուտքո՞վ։ «Հետնամուտք չկա, մի մուտք է»,- փոխնախարարի փոխարեն պատասխանել է նրան ուղեկցող պաշտոնյան։
«Իրականում փոխնախարարը հետնամուտքից է դուրս եկել, և դա է պատճառը, որ նրան ոչ մեկը չի նկատել: Նույնկերպ կարող էր վարվել նաև նախարար Վահե Ղազարյանը, սակայն նա նախընտրել է այդ պատրվակով ԱԺ չգալ: Կա՛մ իսկապես նրա օրերը հաշված են, և նա հեռանում է համակարգից, կա՛մ իսկապես որոշակի ապրումներ ունի վերջին իրադարձությունների` իր հայրենի Տավուշից հող հանձնելու կապակցությամբ»,– գրում է թերթը:
Ըստ պարբերականի` Վահե Ղազարյանը մի քանի անգամ ցանկացել է դիմում գրել, հեռանալ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով հետ է կանգնել մտադրությունից։ Որոշ լուրերի համաձայն` Փաշինյանն էլ է հակված նրան փոխարինելու, անգամ ապագա պաշտոնն են նշում` Պետական պահպանության ծառայության ղեկավար։