ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին հյուրընկալել է իր տանը։ Տեղեկությունը հայտնում է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանը Բագրատ սրբազանին հյուրընկալել է ընտանեկան միջավայրում՝ ընթրիքի սեղանի շուրջ։ Իսկ ինչպես հայտնի է, հայկական հյուրընկալության կանոնների համաձայն՝ ընտանեկան օջախում հյուրընկալության ժամանակ ընդունված չէ քննարկել աշխատանքային, առավել ևս՝ քաղաքական հարցեր»,– գրել է Տոնոյանը ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով` Բագրատ սրբազանը Գագիկ Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, ինչին Գագիկ Ծառուկյանը դրական արձագանք է տվել և շեշտել, որ անհապաղ կհանձնարարի բարեգործական հիմնադրամի աշխատակազմին կազմակերպել աջակցության տրամադրման գործընթացը։